Թբիլիսում կկայանա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոն
Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։
Թբիլիսում կկայանա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։
Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։
sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, «Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։
Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, չի լինում մի Սայաթ-Նովա» բեմադրությունը, լինելու է ցուցահանդես, ծաղիկներ են դրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ, կայանալու է համերգ, ելույթ են ունենալու տեղի և հրավիրված պարային խմբեր և երգիչներ։
Միջոցառումը կազմակերպում են Վիրահայերի միությունը Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, նաև Վիրահայոց թեմը։
«Վարդատոնի» հիմքը դրել են գրող Հովհաննես Թումանյանը և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։
Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից, տարբեր ուսումնասիրողների ուժերով և հաճախ իրարամերժ են։Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի, միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզրները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։