Անցած տարում Արցախի ներդրումային հիմնադրամին հատկացվել է 2.5 միլիարդ դրամ. հիմնադրամի տնօրեն
Նախօրեին Խորհրդարանում կայացած ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի և Արցախի ներդրումային հիմնադրամի լիազոր ներկայացուցիչները ներկայացրել են 2018 թ.-ի հաշվետվությունը:
Անցած տարում Արցախի ներդրումային հիմնադրամին հատկացվել է 2.5 միլիարդ դրամ. հիմնադրամի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանն ասել է, որ հանձնաժողովի 2018 թ.-ի պետական բյուջեով նախատեսված էր 172 միլիոն 140 հազար 300 դրամ պարտադիր կարգավորման վճարների հավաքագրում օրենքով սահմանված 22 կարգավորվող ընկերություններից: Հավաքագրումը կատարվել է լրիվությամբ՝ 100.2 % -ով: Նշված գումարի չափով էլ նախատեսված էր հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշիվը: Փաստացի կատարողականը կազմել է 90.1 %:
Իր հերթին Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանն ասել է, որ 2018 թ.-ին գերատեսչությանը նախատեսված էր հատկացնել 2.5 միլիարդ դրամ: Հատկացված գումարը ծախսվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի մասնակի սուբսիդավորում՝ 411.8 միլիոն դրամ, հիփոթեքային վարկերի տոկոսների մասնակի սուբիսդավորում՝ 462.2 միլիոն դրամ, հիփոթեքային վարկերի անտոկոս փոխառությունների կանխավճարների տրամադրման համար անտոկոս փոխառությունների տրամադրում՝ 42.6 միլիոն դրամ, ԱՀ գյուղաբնակ քաղաքացիներին բնակպայմանների բարելավմանն ուղղվել է 192.6 միլիոն դրամ, բնակարանների կառուցման և գնման համար՝ 700 միլիոն դրամ, տնտեսական ընկերությունների ստեղծման և մասնակցության համար՝ 700 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, գումարային ծախսվել է 2 միլիարդ 509.2 միլիոն դրամ:
Իսկ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանն ասել է, որ 2018 թ.-ին հիմնադրամին տրամադրվելէ 1 միլիարդ 350 միլիոն 600 հազար դրամ: «Աջակցություն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում բյուջեից ֆինանսավորումը իրականացվել է 100 %-ով:
«Հաշվի առնելով, որ նշված ծրագիրը իր մեջ ներառում է վարկի տոկոսների սուբսիդավորում, վարչական ապարատի ծախսեր և բանկերից ուղղված կազմակերպություններին ստացված վարկերի և փոխառությունների տոկոսների մարում, որը պահանջում է ավելի մեծ գումարներ, ծրագրի մի մասը հիմնադրամը կատարել է սեփական միջոցներով: Իր սեփական միջոցների և առևտրային բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին հիմնադրամը 2018 թ.-ին իրականացրել է 11 միլիարդ 817 միլիոն դրամի աջակցություն»,- ավելացրել է Տ. Ծատրյանը:
Ոլորտի պատասխանատուները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին: