ԱրՊՀ-ում մեկնարկել է եռօրյա համաժողով` «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով
Հայաստանի Հանրապետության «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով եռօրյա համաժողովը:
ԱրՊՀ-ում մեկնարկել է եռօրյա համաժողով` «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ով,ողջունելով ներկաներին , շնորհավորել է ՈԱԱԿ 10-ամյակի առթիվ՝ կարևորելով կենտրոնի հետ համագործակցության ընթացքում ունեցած բուհի ձեռքբերումները, որոնք ուղղորդող դեր ունեցան հավատարմագրման գործընթացին ճիշտ նախապատրաստվելու համար:
Նա նաև նշել է, որ ԱրՊՀ-ն հռչակել է իրեն որպես սովորող կազմակերպություն, և իրենք աշխարհին ոչ թե փորձում են համոզել, ինչ-որ բան փոխել կրթական համակարգում, այլ պարզապես հիմնավորել իրենց համեստ դերը տարածաշրջանում:
ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը պատվոգրով և նվերով պարգևատրել է ՈԱԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Ռ. Թոփչյանի՝ ԱՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման գործում ունեցած ավանդի և Արցախի հետ շահագրգիռ համագործակցության համար: Կարևորելով բուհերի հավատարմագրման գործընթացը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ՈԱԱԿ-ի հետ Արցախի բուհերի համագործակցությունը արդյունավետ է լինելու:
ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների մասին, նշել է, որ պետք է բարեփոխումների ճանապարհը միասին անցնել, իսկ միասինը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Խոսելով համաժողովի նպատակներից՝ Ռ. Թոփչյանն առանձնացնում է այն հանգամանքը, որ ցանկացած բուհ իր ներսում պետք է ունենա մի մեխանիզմ, որը կզբաղվի ունեցած արդյունքների շարունակական բարելավմամբ, ինչի վերջնարդյունքներից պետք է լինի գործատուների գոհունակությունը բուհի թողարկած շրջանավարտների մասնագիտական որակներից: Նրա խոսքով՝ այս մեխանիզմն է ներդրվում հիմա Արցախի բուհերում:
Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ իրականացվող բարեփոխումների, հաղթահարման ուղիների, հաղորդակցման, որակի մեխանիզմների կառուցման և կիրառման վերաբերյալ: