Artsakhpress

Հարցազրույց

«Լույսի մոլորակը» Արցախում

Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունենալու «Լույսի մոլորակ» մանկության փառատոնը, որն իր այցելուին խոստանում է ուրախ կրթական-մշակութային ժամանց և բազում հաճելի պահեր։

«Լույսի մոլորակը» Արցախում

«Լույսի մոլորակը» Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր զրուցակիցներն են «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացուցիչ Մարինա Սիմոնյանը և միջոցառման կազմակերպիչ Creo Project Solutions ընկերության հիմնադիրներ Սոնա Մատինյանն ու Մարիաննա Գալստյանը։
Հիշեցնենք, որ միջոցառումն անց Է կացվում «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո՝ արդեն երկրորդ անգամ։ Առաջին «Լույսի մոլորակը» տեղի է ունեցել Երևանում և, պսակվելով մեծ հաջողությամբ, այս անգամ կրթական տոնի ակնկալիքով ժամանում է Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ։
Միջոցառման հատուկ գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն։
Միջոցառումը մասշտաբային է և իր ձևաչափի մեջ եզակի։ Ի՞նչով են կարևորվում նման միջոցառումները։
Հիմնադրամը կարևորում է այս միջոցառումը, քանի որ այն ուղղված է ծնողավարության, երեխայի հոգեբանական ու ֆիզիկական առողջության, երեխայի կարողությունների վաղ բացահայտման հարցում ծնողների իրազեկության բարձրացմանը։ Ե՛վ սոցիոլոգիական հետազոտությունները, և՛ հանրային դիսկուրսի վերլուծությունները փաստում են, որ այս ոլորտում հայ հասարակության մեջ առկա է լուրջ բաց, և անգամ ամենատարրական հարցերում ծնողներն ունեն հիմնավոր և երեխային չվնասող գիտելիքի կարիք։ Իսկ որքան իրազեկ է հասարակությունը, այնքան ավելի հեշտ է ունենալ առողջ սերունդ և ժամանակին կանխարգելել հոգեկան ու ֆիզիկական խնդիրներն ու դրանց բարդացումները։ Ուստի հատկապես կարևոր է գիտելիքի և խորհրդատվության հասանելիության ապահովումը հանրության բոլոր խավերի համար, ինչին էլ ուղղված է «Լույսի մոլորակը», որտեղ բարձրակարգ մասնագետները կխոսեն  ծնողներին հուզող ամենատարբեր հարցերից, իսկ գիտակ մանկավարժները երեխաներին սովորեցնում են ձեռքի աշխատանք, ցուցադրում հետաքրքիր գիտափորձեր և կազմակերպում կրթաժամանցային այլ բազմազան միջոցառումներ։
 
Մարինա, Ինչո՞ւ որոշեցիք աջակցել նախագծին։
- Իմանալով «Լույսի մոլորակի» երևանյան հաջողության մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջարկեց «Իմ քայլը» հիմնադրամին նմանատիպ փառատոն կազմակերպել նաև Արցախում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա կազմակերպմանը: Մեզ համար կարևոր է այն, քանի որ հնարավորություն է ստեղծվում երեխաների և նրանց ծնողների զարգացման և իրազեկվածության բարձրացման համար: Պրակտիկան վկայում է, որ որքանով իրազեկ ու զարգացած լինի ընտանիքը, այնքանով պաշտպանված կլինեն երեխաների իրավունքները: Փառատոնի կարևոր ուղղություններից մեկն էլ առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, ինչն ուղղակիորեն կապված է առողջության պահպանման իրավունքի իրացման հետ:
(Սոնա, Մարիաննա) Պատմե՛ք, խնդրում եմ, առաջիկա միջոցառման մասին։ Ի՞նչ է սպասվում այցելուին հուլիսի 13-ին, ովքե՞ր կարող են մասնակցել։
«Լույսի մոլորակը» ամբողջ ընտանիքի համար նախատեսված կրթական ուղղվածությամբ, բայց և, իհարկե, ժամանցային տարրեր պարունակող միջոցառում է։ Նպատակն իրական կրթական տոն պարգևելն է ծնողներին և երեխաներին։ Վստահաբար կարող ենք խոստանալ, որ բազմաբնույթ առաջարկների մեջ յուրաքանչյուր ծնող և երեխա կկարողանա ընտրել իրեն առավել հետաքրքիր դասընթացը, զբաղմունքը։ Ինչպես բազմիցս նշել ենք, «Լույսի մոլորակը» ոչ այնքան միջոցառում է, որքան միջավայր, որտեղ անմիջական շփման մեջ են հանդիպում ծնողները, երեխաներն ու ամենատարբեր պրոֆիլների մասնագետները։  
Ամբողջ օրվա ընթացքում բաց և անվճար դասախոսությունների շարք կկազմակերպվի ծնողների համար՝ իրենց հուզող և արդիական շատ թեմաների շուրջ, իսկ երեխաները կկարողանան մասնակցել իրենց համար նախատեսված ծրագրին, այդ թվում՝ ինտերնետ անվտանգություն, նկարչություն, կավագործություն, գորգագործություն, մենթալ թվաբանություն, զարմանահրաշ քիմիա և ֆիզիկա, ռոբոտաշինություն, կարատե, ազգագրական պար, մանկական թատերական ներկայացում, շարժական պլանետարիումի այցելություն, հայկական «Անահիտ» մուլտֆիլմի դիտում, հեքիաթի և մանկական զվարճանքների անկյուններ և դեռ շատ-շատ ավելին: 
Նպատակային լսարանը, իհարկե, ամբողջ ընտանիքն է՝ մայրիկները, հայրիկները, երեխաները, տատիներն ու պապիկները, մի խոսքով՝ բոլոր-բոլորը, ում կյանքում կան երեխաներ և ում հետաքրքիր է առողջ և բազմակողմանի զարգացած հասարակության կերտումը: Այնպես որ, սիրով սպասելու ենք բոլորին հուլիսի 13-ին Ստեփանակերտում։
Միջոցառման մասին ավելի մանրամասը տեղեկություններ կարող եք գտնել Creo Project Solutions-ի ֆեյսբուքյան էջում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search