Artsakhpress

Քաղաքական

Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները

Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին Բաքվում էր, հուլիսի 10-ին՝ Երևանում, իսկ հուլիսի 11-ին կլինի Վրաստանում:

Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները

Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սա կարելի է համարել հեռացող եվրոպաշտոնյայի վերջին այց տարածաշրջան, քանի որ, ինչպես հայտնի է, նոյեմբերին Տուսկին կփոխարինի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Դ. Տուսկի այցի հիմնական նպատակն է ամփոփել տարածաշրջանի երեք երկրների հետ ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև մասնակցել հուլիսի 11-ին կայանալիք Բաթումի 16-րդ միջազգային համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:
Հատկանշական է, որ Բաքվում և Երևանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Դ. Տուսկի հայտարարությունները գրեթե նույնական էին: Նրա ելույթներում կարելի է առանձնացնել մի քանի շեշտադրում.
  1. Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
  2. Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից:
  3. Եվրամիությունը կարևորում է բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և պատրաստակամ է իր ներդրումն ունենալ մարդասիրական բնույթի խնդիրների կարգավորման հարցում:
Եվրոպական խորհրդի նախագահի կողմից նման շեշտադրումներն, անշուշտ, բավական  կարևոր են, և կարելի է արձանագրել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Տուսկի շեշտադրումները համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) ամրագրած ԵՄ հավասարակշռված դիրքորոշմանը: Չնայած այդ հանգամանքին՝ որոշակի տարակուսանք է առաջացնում Բաքվում Տուսկի կողմից արված այն շեշտադրումը, որ ԵՄ-ն աջակցում է «Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»: ԵՄ տարբեր պաշտոնյաների կամ ԵՄ փաստաթղթերում նախկինում ևս նմանատիպ ձևակերպումներ եղել են, այնուամենայնիվ հեռացող Տուսկի կողմից նման հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բաքվին ուղղված «հաճոյախոսություն» և ոչ ավելին: Այդ մասին է վկայում նաև այն, որ իր ելույթում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Տուսկն հստակ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնցից հատկապես կարևորվում են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության,  սկզբունքները:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Տուսկի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Երևանի և Բրյուսելի միջև առկա է բավական բարձր մակարդակի փոխըմբռնում, ինչն, անշուշտ, կարևոր է երկկողմ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շարքում կարելի է առանձնացնել, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի և  մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման խնդիրները, որոնց հետ կապված եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել տրամադրել փորձագիտական օժանդակություն և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնել:
Երկկողմ համագործակցության շրջանակներում բավական կարևոր է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ հունիսին հաստատված ճանապարհային քարտեզի համաձայն: Սակայն, ՀԸԳՀ ամբողջական կիրարկման համար անհրաժեշտ է, որ այն վավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից, ինչի մասին իր խոսքում կարևորեց նաև ՀՀ վարչապետը:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ հայտարարություններից կարելի է ենթադրել, թե ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է առավել մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Այս առումով բավական խորհրդանշական է Տուսկի այցը Սևանա լիճ, որի բնապահպանական վիճակը դարձել է մասնագետների մտահոգության լուրջ առարկա:
Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են բավական դինամիկ՝ հիմնված բարձր մակարդակի փոխըմբռնման և շահագրգռվածության վրա: Այնուամենայնիվ, բավական կարևոր է, որ ԵՄ ղեկավար կազմի փոփոխությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի փոփոխությունը ոչ միայն չազդեն երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերի վրա, այլ հակառակը՝ դառնան նոր ազդակներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search