Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի երկրում տիրող իրավիճակը և վերացնի Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգները:
Լավրովը հայտնել է՝ որ դեպքում Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է tert.am-ը:
«Հույս ունեմ, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակաքաղաքական իրավիճակը և կվերացնեն երկրում ռուսների համար գոյություն ունեցող վտանգները: Եթե դա տեղի ունենա, մեր կողմից ձեռք առնված նախազգուշական միջոցների, այդ թվում՝ ավիափոխադրումների արգելքի չեղարկումը դիտարկելու հնարավորության համար համապատասխան պայմաններ կստեղծվեն»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է բարեկամանալ և համագործակցել հանուն երկու երկրների բարօրության: Ռուսական կողմն ակնկալում է, որ Թբիլիսին «շուտով կգիտակցի հակառուսական հիստերիայի հետագա դրսևորումների վտանգավորությունն ու վնասակարությունը»:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից հետո մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնց ընթացքում 240 ցուցարար էր տուժել, 305-ը ձերբակալվել էին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր Ռուսաստանին երկրի ներսում պառակտում ստեղծելու փորձի համար, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից դադարեցվել են Ռուսաստանից Վրաստան ուղևորատար չվերթները, ինչպես նաև վրացական ավիաընկերություններին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական կողմը խորհուրդ է տվել օպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին իր քաղաքացիներին դեպի Վրաստան տուր-փաթեթներ չվաճառել: