Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերին և Ջուդի Չուին։
Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ԱԳ նախարարության հաղորդմամաբ՝ ողջունելով կոնգրեսականներին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության իշխանությունները կարևորում են տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ջեքի Սփիերի և Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։