ՀԱՊԿ-ը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի. Նիկոլ Փաշինյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:
ՀԱՊԿ-ը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք ուղղություններին: Առաջին հերթին ներքաղաքական կոորդինացիան է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը գոհունակություն հայտնեց, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշեց, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նա այս պաշտոնում կփոխարինի գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին, որը գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: