ԱՄՆ-ն կարգադրել է Բոլիվիայում աշխատող ամերիկացի պաշտոնյաների ընտանիքներին լքել երկիրը՝ այնտեղ զանգվածային ցույցերի պատճառով, ասված է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Բոլիվիայում բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ-ն տարհանում է ամերիկացի պաշտոնյաների ընտանիքներին
ԱՄՆ պետդեպարտամենտը նաև թարմացրել է ճանապարհորդների համար նախատեսված ծանուցումը՝ նրանց խորհուրդ տալով հրաժարվել Բոլիվիա ուղևորություններից:
«Քաղաքացիական բողոքի ցույցերի պատճառով մի՛ այցելեք Բոլիվիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտը կազմել է նաև երկրների ցուցակ, որտեղ խորհուրդ չի տրվում մուտք գործել, այդ պետություններն են՝ Սիրիան, Աֆղանստանը, Եմենը, ԿԺԴՀ-ն, Իրանը, և այլն:
«Նոյեմբերի 12-ին Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի պետական աշխատակիցների ընտանիքների անդամներին կարգադրել է լքել այդ երկիրը՝ Բոլիվիայում շարունակվող քաղաքական անկայունության պատճառով»,- նշել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, երկրի արտգործնախարար Դիեգո Պերին:
Ավելի ուշ Բոլիվիայի սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարել էր, որ Էվո Մորալեսի հրաժարականից հետո կստանձնի երկրի ղեկավարի պարտականությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: