Թբիլիսիում խորհրդարանի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 37 մարդ է ձերբակալվել:
Վրաստանում ցույցերի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, 37-ը` ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը:
Նշվում է, որ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվել է 7 մարդ, որոնցից 2-ն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Հաղորդվում է, որ ձերբակալությունները վարչական իրավախախտումների հետ են կապված` ոստիկանների օրինական պահանջներին չհնազանդվել և խուլիգանություն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:
Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-: