ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքին:
ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Asbarez-ը, հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությանը (զբաղվում է ԱՄՆ-ի առևտրային օրենսդրության մշակմամբ, առևտրային համաձայնագրերի կազմմամբ, արտաքին առևտրային քաղաքականության համակարգմամբ), որը 2020թ. հունվարի 17-ին մտադիր է վերանայել Բաքվի՝ Պրեֆերենցիալ ընդհանրացված համակարգի շրջանակում իր արտադրանքն ԱՄՆ արտահանելու թույլտվության ընդունելիությունը, փոխանցում է tert.am-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագրի շրջանակում աշխարհի 119 երկիր առևտրային ձեռնտու պայմաններով հազարավոր ապրանքներ է արտահանում ԱՄՆ: Հայտնի է, որ ծրագրում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:
Իշխանություններին ուղղված նամակում ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ն պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքը: Ըստ ANCA-ի՝ պատճառները հետևյալն են՝ Հայաստանը շրջափակելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի պայմանավորվածությունը, Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը և այդ երկրի իշխանությունների կողմից ռասիստական քաղաքականության դրսևորումն ու էթնիկ հայերին այցագրերի չտրամադրումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: