ԱՀ ֆինանսների նախարարությունում այսօր հավաստագրեր են հանձնել բոլոր այն հարկ վճարողներին, ովքեր պատասխանատվությամբ և բարեխղճորեն են կատարել իրենց՝ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտականությունները:
Արցախում գործող 124 օրինապահ հարկ վճարողներ արժանացել են հավաստագրերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հավաստագրեր են ստացել Արցախում գործունեություն ծավալող 124 տնտեսվարող սուբյեկտներ:Իր խոսքում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ, նախորդ տարիների համեմատ, այս տարի օրինապահ հարկ վճարողների շարքերը համալրել են ավելի մեծ թվով հարկատուներ:
«Բարեխիղճ հարկ վճարողների և հարկային մարմնի կողմից կատարվող հետևողական աշխատանքների շնորհիվ մեզ հաջողվել է կատարել մեր առջև դրված պլանային առաջադրանքները՝ ապահովելով կառավարության կողմից պետական բյուջեով ստանձնած սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ծրագրերի իրականացումը: Տարեցտարի փորձում ենք կատարելագործել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները՝ պարզեցնելով հարկային վարչարարության ընթացակարգերը, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում: Այդ ուղղությամբ այս տարի ունենք մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ ներդրվել է հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգը, հարկային պարտավորությունների ավտոմատ հաշվառման համակարգը, ընդլայնվել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի շրջանակները և այլն»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանն ասել է, որ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմինը վարում է առավել մեղմ վարչարարություն:
Նրա խոսքով՝ որպեսզի հարկ վճարողին շնորհվի օրինապահ հարկատուի կարգավիճակ, նա պետք է որոշակի չափանիշների բավարարի տվյալ տարվա ընթացքում, այդ թվում՝ ժամանակին հաշվարկ-հաշվետվությունների ներկայացումը, սահմանված ժամկետներում հարկերի, տուրքերի վճարումների կատարումը և այլն:
«Արցախի կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ գլխավոր հաշվապառ Խոսրովանուշ Հակոբյանն էլ շնորհակալություն է հայտնել և նշել, որ հավաստագիրը պարտավորեցնող ու միաժամանակ ոգեշնչող:
«Արդեն իսկ ավանդույթ է ձևավորվել, երբ ֆինանսների նախարարության կողմից արժանվույնս գնահատվում է հարկատուի աշխատանքը: Հարկային համակարգում 2019 թվականին կատարվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտում, որոնք վերաբերում էին գերատեսչական ակտերին, ինչը էլ ավելի բարձրացրեց հարկային համակարգի մակարդակը: Բավականին կրճատվել է նաև հարկատուի փաստաթղթաշրջանառության բեռը: Հարկային համակարգում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսվարողին հավասար մրցակցային դաշտում գործունեությունը շարունակելու համար: Բնականաբար, հարկատուն էլ պետք է լինի այնպիսին, որը կարժանանա այս պարգևին»,- նշել է Խ. Հակոբյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: