Artsakhpress

Քաղաքական

Բաքվում կատարվածը հայերի նկատմամբ իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է. Բաքվի ջարդերի ականատես

ԽՍՀՄ փլուզման և կենտրոնական իշխանության թուլացման առաջին նախանշաններին զուգահեռ Ադրբեջանում վերսկսվեցին հայերի կյանքի և գույքի նկատմամբ բռնությունները, կազմակերպված ջարդերի քաղաքականությունը նոր թափ ստացավ:

Բաքվում կատարվածը հայերի նկատմամբ իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է. Բաքվի ջարդերի ականատես

Բաքվում կատարվածը հայերի նկատմամբ իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է. Բաքվի ջարդերի ականատես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առանձնապես ծանր էր Բաքվի բազմահազարանոց հայկական համայնքի դրությունը, որն արդեն իսկ 2 անգամ՝ 1905 և 1918 թթ., ենթարկվել էր զանգվածային ջարդերի: Սումգայիթի ջարդերից հետո 1988 թ.-ից սկսած բռնության ալիքը տարածվեց նաև Բաքվում՝ ստիպելով հազարավոր հայերի լքել իրենց տները և մազապուրծ փախչել: Բաքվի ջարդերն իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին. ավելի քան մեկ շաբաթ շարունակ՝ հունվարի 13-19-ը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ և անմիջական մասնակցությամբ: Մեկ շաբաթ տևած ջարդերին զոհ դարձավ առնվազն մի քանի հարյուր հայ, իսկ հազարավոր հայեր բռնագաղթեցին՝ ցրվելով աշխարհով մեկ: Այսօր պահպանվել են հարյուրավոր վկայություններ, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս հայերի վերապրած սարսափը:
Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ականատես է նաև Ժաննա Կոցիշևսկայան: Նա ծնվել է Բաքվում և աշխատում էր Նավթի ու քիմիայի ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Շենքը, որտեղ տեղակայված  էր ամբիոնը, Լենինի պողոտայում էր՝ համանուն հրապարակի մոտ, ինչը Ադրբեջանի Ժողճակատի ցույցերի ու զանգվածային հանրահավաքների էպիկենտրոն էր դարձել: «Այս բոլոր իրադարձությունների մեկնարկային կետը դարձավ Սումգայիթի ջարդը… Մի քանի օր անց, երբ հայտնի դարձավ ողբերգության մասին, ես մտա մթերային խանութ: Այդ պահին ադրբեջանցի վաճառողուհուն մոտեցավ մի երիտասարդ տղա և սկսեց ուրախ պատմել, թե ինչ լավ դաս են ստացել Սումգայիթում հայերը», - նշում է  Ժ. Կոցիշևսկայան: Նրա խոսքերով՝ Բաքվում եղել են դեպքեր, երբ ԱԺՃ անդամ ուսանողները ներխուժել են լսարան, ծեծել և նույնիսկ մտադրվել դուրս նետել պատուհանից հայ դասախոսի, ինչը կանխվել է միայն ուսանողների աղաղակների ու պաշտպանության շնորհիվ:
 
Ժաննա Կոցիշևսկայի ու այլ ականատեսների վկայությունները փաստում են, որ այս ժամանակաշրջանում Բաքուն հայ բնակչության համար դարձել էր վտանգավոր մի վայր, որտեղ ծնողը չգիտեր՝ կրկին իր երեխային ողջ կտեսներ, թե՝ ոչ: Եվ, ընդհանրապես, հայկական համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ չէր կարող վստահ լինել, արդյոք տնից դուրս գալով անվնաս կվերադառնա թե ոչ: Հարձակումներ էին իրականացվում այն դպրոցների կամ կառույցների վրա, որտեղ աշխատում կամ սովորում էին հայերը:
 
«Բաքվում խորհրդային զորքեր մտցնելուց և պարետային ժամ հայտարարելուց քիչ առաջ համալսարանի լսարան, որտեղ ես դաս էի անում, ներխուժեց ադրբեջանցի ուսանողների խումբ և սկսեց սպառնալ ինձ. «վաղը աշխատանքի չգաս: Միայն համարձակվիր գալ: Մենք գիտենք, որտեղ են քո երեխաները սովորում: Եթե դա չանես, մենք նրանց...», և ժեստերով ցույց են տալիս, որ կմասնատեն: Իմ ուսանողները  նրանց լսարանից դուրս հանեցին և սկսեցին ինձ հանգստացնել…»,- հիշում է Ժ. Կոցիշևսկայան: Նա նաև պատմում է, որ իր մայրիկի աշխատավայրում ժամանակ առ ժամանակ «հայեր, թաքնվե՛ք» նախազգուշացական կանչն էր հնչում, որից հետո հայ բժիշկներն ու բուժքույրերը պետք է թաքնվեին, քանի որ Ժողճակատը գալիս էր ստուգելու՝ կան արդյոք այս հաստատությունում հայեր:
 
Առկա փաստերն ու վկայությունները ցույց են տալիս, որ ջարդերը ծրագրված էին. նախապես հստակեցվել էին գրանցում ունեցող հայերի առկայությունը՝ պարենային կտրոնների ցուցակներով, կազմվել նրանց պատկանող տների ցուցակները և բնակարանների հասցեները: Ժ. Կոցիշևսկայան ևս հիշում է 1989թ. օգոստոսի վերջին քաղաքում մեկնարկած տարօրինակ արշավի մասին. բնակշահագործման աշխատակիցներն այցելում էին տներն ու գրանցում քաղաքում մնացած հայ բնակիչների անունները: «Երբ նրանցից մեկը հայտնվեց մեզ մոտ, ես հարցրի՝ ինչո՞ւ են նրանք միայն հայերի անունները գրում: Նա պատասխանեց, որ դա, իբր, անհրաժեշտ է նրանց պաշտպանելու համար: Իմ հաջորդ՝ «ումի՞ց պաշտպանելու» հարցին, նա չպատասխանեց: Ես չհանգստացա ու նույն հարցով զանգեցի [Ադրբեջանի] Կոմկուսի կենտրոնական կոմիտե: Ասացին՝ կպարզեն ու կտեղեկացնեն: Բնականաբար, ոչ ոք հետո չզանգեց ու ոչինչ չհաղորդեց»,- պատմում է նա: Գրանցման պատճառները Ժ. Կոցիշևսկայային ու շատերին հասկանալի է դառնում ավելի ուշ. երաժշտական դպրոցում որդու համերգից հետո նրանք գնացել էին մայրիկի տուն, իսկ հետո տեղեկացել, որ իրենց բնակարանի վրա հարձակում է եղել: «Այդ պահին տանը սկեսուրս է եղել, բավականին տարեց կին: Ըստ երևույթին, հայերի բնակարանների ցուցակները կազմելուց հետո սկսել են դրանց վրա հարձակումները»:
 
Ժ. Կոցիշևսկայան հիշում է նաև հունվարի սկզբին սկեսուրին Մոսկվա ճանապարհելիս կայարանում տեսած սարսափելի իրադարձությունները. ամենուր իրենց Ժողճակատի ներկայացուցիչ անվանող կամակատար անձինք թափառում էին և հայերի փնտրում: Գտնելով՝ լավագույն դեպքում միայն թալանում էին նրանց՝ վերցնելով ամենաթանկը: «…Մենք տեսել ենք, ինչպես է 16-20 տարեկան երիտասարդների ամբոխը իր առջևից քարշ տալիս մի տարեց կնոջ, որի մի ոտքին հողաթափ կար, մյուսը՝ ոտաբոբիկ էր: Տարեց կնոջ ձեռքին թեյնիկ էր, իսկ դեմքին անկեղծ զարմանք էր գրված. ինչո՞ւ: Ավազակախումբը նրան աքացիներով ու մեջքին հարվածելով գոռում էր. «Չքվի՛ր քո Հայաստանը»»:
 
1990թ. հունվարի 13-ին կամ 14-ին Ժ. Կոցիշևսկայան Բայիլովի իրենց երկրորդ տանն է եղել: Նա հարևանի երկու հայ երեխաներին բերել էր այդ ժամանակ հազվագյուտ գունավոր հեռուստացույցով նրանց մուլտֆիլմով ուրախացնելու: Հենց այդ ժամանակ էլ իրենց բակում սկսվել են հայերի բնակարանների ջարդերը:  Ջարդարարները ներխուժել են այն տունը, որտեղ այդ երեխաներն էին ապրում և սկսել գործել. նրանց տատիկին բակ են դուրս հանել և քարշ տվել ասֆալտի վրայով, նա հետո վերքերից մահացել է: «Երեխաները կանգնել էին պատուհանի մոտ ու գոռում էին, ես չէի կարողանում նրանց հետ քաշել»:
 
Ժ. Կոցիշևսկայայի ընտանիքին հաջողվել է կապերի շնորհիվ օգնություն խնդրել և հասնել Կասպից ծով ու նավով հեռանալ Բաքվից: Այստեղ նա շատ հայերի է տեսել՝ մեծամասնությունը սարսափելի իրավիճակում. ծեծված, այրված, բռնաբարված…
 
«Ինձ համար Բաքվում ամբողջ կատարվածը ազգությամբ հայ անձանց նկատմամբ իրականացված իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է», – նշում է Ժ. Կոցիշևսկայան:
Հարցազրույցը վերցրված է «Բաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում. գիրք առաջին» գրքից (2016թ., էջ՝ 57, առցանց տարբերակ), որն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում: Ժաննա Կոցիշևսկայայի վկայությունը ներկայացված է կրճատումներով: Ամբողջական տարբերակը, ինչպես նաև այլ ականետեսների վկայությունները կարող եք ընթերցել նշված գրքի առաջին և երկրորդ մասերում :

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search