Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է. կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման արդյունքում հանրապետությունում չեն գրանցվել մի շարք վարակիչ հիվանդություններ (որովայնային տիֆ, պարատիֆեր, մալարիա, խոլերա, վիրուսային հեպատիտ Ա):
Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նա նշել է, որ կանխարգելիչ պատվաստումների իրականացման շնորհիվ 2019 թվականին հանրապետության տարածքում չեն գրանցվել կառավարելի վարակներ` պոլիոմիելիտ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, դիֆտերիա, փայտացում:
«ԱՀ 2016-2020 թվականների իմունիզացիայի պետական ծրագրի իրականացման շրջանակներում 2019 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից բարեգործական հիմունքներով տրամադրվել է մոտ 59 մլն 590 հազար 421 դրամ գումարի պատվաստանյութ, ներարկիչներ, այրման տուփեր, ինչը բավարարել է Արցախի բնակչության՝ այդ թվում նախազորակոչիկների և զորակոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը: Ծրագիրը իրականացվել է Արցախի կառավարության կողմից հաստատված պետական օրացույցի համաձայն, կատարողականը կազմել է 96%-ից ավել, որը համապատասխանում է կառավարության առաջադրած նորմերին (կատարողականը պետք է կազմի ոչ պակաս, քան 95%): Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը լեյշմանիոզ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ գոտի, 2019 թվականին գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 18 դեպք։ Վերին շնչառական ուղիների ու գրիպի համաճարակաբանական իրավիճակը հսկելու և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով աշնան և ձմռան ամիսներին բուժհիմնարկների կողմից կատարվում է ամենօրյա մշտադիտարկում՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով»,-ավելացրել է նախարարը:
Նա մանրամասնել է, որ Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից հաշվետու տարում ստուգումներ ու ուսումնասիրություններ են կատարվել ԱՀ տարածքում գործող ավելի քան 170 օբյեկտում, այդ թվում` կոմունալ, սննդի օբյեկտներ, նախադպրոցական հիմնարկներ և դպրոցներ։ Ստուգումներ են իրականացվել նաև լիցենզավորման ենթակա 20 օբյեկտում և տրվել են համապատասխան հիգիենիկ եզրակացություններ: Իրականացվել են համալիր ստուգումներ նախարարության ենթակա բուժհիմնարկներում, ի հայտ եկած թերությունները քննարկել տեղերում և տվել մեթոդական ցուցումներ։ Մշտական հսկողություն է սահմանված նաև խմելու ջրի որակի նկատմամբ։