Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին և բանակցելու հեռանկարին:
Թրամփը բացառել է պատժամիջոցների չեղարկման դեպքում Թեհրանի հետ բանակցելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իրանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուզում է, որ պատժամիջոցները հանվեն: Ո՛չ, շնորհակալություն»,- tert.am-ի փոխանցմամբ, գրել է ԱՄՆ նախագահը, ով նույն գրառումը հրապարակել է նաև պարսկերեն:
Հիշեցնենք, որ երկու պետությունների հարաբերություններն էլ ավելի են սրվել հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավարի սպանության համար:
Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Թեև իրանական կողմը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, սակայն Վաշինգտոնը հերքել էր զոհերի մասին տեղեկությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-: