ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչությունը բնակիչների կողմից բանանի մեջ կարմիր գույնի գոյացությունների առկայության վերաբերյալ ահազանգ է ստացել:
Բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացությունները վնասակար չեն. պարզաբանում է ՍԱՊԾ պետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ իրականացնելով հերթական ստուգումները՝ պարզվել է, որ բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացությունները կազմավորվում են Pseudomonas celebensis Gauman (1929) բակտերիայից որը, ընդհանարապես, մարդու օրգանիզմին վնաս չի պատճառում:
«Բույսի որևէ հիվանդություն մարդու առողջությանը սպառնալ չի կարող: Կրկին ուզում եմ տեղեկացնել մեր բնակչությանը, որ ԱՀ բանան է ներմուծվում հիմնականում Էկվադորից:
Սահմանային հսկիչ կետերում ներմուծվող յուրաքանչյուր ապրանքի, այդ թվում՝ բանանի մասով, իրականացվում է զննում, որից հետո գրվում է փորձագիտական եզրակացությունը: Սա խոսում է այն մասին, որ հնարավոր չէ մարդու առողջությանը վնասող որևէ մթերք ներկրել հանրապետության տարածք. բոլոր աշխատանքները վերահսկվում են պատկան մարմինների կողմից»,-տեղեկացրել է Ա. Ներսիսյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով բնակչությանը, որ խուճապի չմատնվեն բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացություններից:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ում գործում է թեժ գիծ՝ 50-99 հեռախոսահամարով. ոլորտին առնչվող հարցերի և պարզաբանումների դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգել վերոնշյալ կարճ համարին և ստանալ իրեն հուզող խնդիրների պատասխանները: