Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր՝ փետրվարի 8-ին, կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը:
Ովքե՞ր կգլխավորեն «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դաշինքի նախընտրական ցուցակը. առաջին անունները հայտնի են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրակարգը վերաբերում է Արցախում կայանալիք համապետական ընտրություններին:
Կուսակցության նախագահի խոսքով՝ հաջողության դեպքում՝ իրենք պատասխանատվություն են ստանձնելու երկրի կառավարման համար, և բոլոր որոշումները կայացվել են՝ այդ գիտակցումից ելնելով:
«Քաղաքական այսօրվա իրավիճակում «Ազատ հայրենիք» կուսակցության դերակատարությունը լինելու է կարևոր, ինչ-որ տեղ նաև վճռորոշ: Մինչ կուսակցության համագումարին մեր վերջնական որոշումը հայտարարելը՝ մենք քննարկումներ ենք ունեցել քաղաքական տարբեր գործիչների, ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, որից հետո հանդես եկել միասնական օրակարգով: Ձևավորված քաղաքական դաշինքում ընդգրկված են 5 քաղաքական ուժեր, որոնց հետ գաղափարական առումով ներկայացնում ենք նույն օրակարգը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Նիստին Ա. Հարությունյանը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին համարներում ընդգրկվածներին՝ նշելով, որ օրեր անց կհրապարակվի ամբողջ կազմը՝ 65 հոգի: Մասնավորապես՝ այն կգլխավորի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, երկրորդ համարը կզբաղեցնի ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ Կարեն Դանիելյանը, երրորդ տեղում «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն է, իսկ չորրոդ տեղում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանն է: Առաջին տասնյակում կընդգրկվեն նաև «Շարժում 88» կուսակցության վարչության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը և «Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արևիկ Պետրոսյանը:
Ըստ Ա. Հարությունյանի՝ նախընտրական ցուցակում մեծ տեղ է հատկացվել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ծրագիրը կլինի հավակնոտ, բայց իրատեսական:
Խորհրդի նիստից հետո «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը կուսակցության շարքերը համալրած ավելի քան 100 նոր անդամների հանձնել է կուսակցական տոմսեր:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին սատարելու և նրա ղեկավարած կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքին միանալու հայտարարություն էին արել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք», «Արցախի ազատություն», «Շարժում-88» և «Արցախի արմենական» կուսակցությունները: