Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վոկալի ուսուցչուհի, արցախցի երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը թողարկել է իր «Շոպեն» ռուսալեզու երգի տեսահոլովակը:
Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ իր նոր երգը ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Ելենա Վայենգայի «Շոպեն»-ի քավր տարբերակն է արցախցի դաշնակահար Վիլեն Միքայելյանի նվագակցությամբ: Տեսահոլովակի նկարահանումները՝ կատարվել են Արցախում:
«Անկեղծ ասած՝ Արցախում փոքր-ինչ դժվար է որակյալ տեսահոլովակ նկարահանելը՝ հաշվի առնելով անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության, ինչպես նաև ֆինանսական խնդիրները: Արել ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորիս բարձրորակ տեսահոլովակ ստանանք»,-ավելացրել է Լ. Մարտիրոսյանը: Նա նշել է, որ 2017 թվականին թողարկվել է իր «Գինի՛ լից» տեսահոլովակը, իսկ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ՝ «Ադանա»-ն:
Լուսինեն մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը երգել սկսել է 7 տարեկանից: Հաճախել է երաժշտական դպրոց՝ վոկալի բաժին: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ որպես խմբավար, իսկ այժմ կրթությունը շարունակում է քոլեջի ժողովրդական վոկալ բաժնում, որին զուգահեռ ուսանում է ԱրՊՀ-ի «Քիմիա և կենսաբանություն ֆակուլտետում»:
«Մասնակցել եմ մի շարք քաղաքային համերգների: Հյուրախաղերով պարբերաբար լինում եմ զորամասերում: Համոզված եմ, որ զինվորների առօրյան հետաքրքիր դարձնելը մեծ ոգևորություն է նրանց համար: ի դեպ, բազմիցս Արցախի տարբեր զորամասերի հրամանատարների, ինչպես նաև ԱՀ պաշտպանության նախարարի կողմից ստացել եմ շնորհակալագրեր և պատվոգրեր, որը ևս պարտավորեցնող է: Ստեղծագործում եմ Արցախի «ՎԵԼԱՆՍ» խմբի կազմում. մասնակցում տարբեր համերգների՝ Արցախում, Հայաստանում և արտերկրում»,- մասնավորապես ասել է երգչուհին: