Փետրվարի 14-ին լիբիական Բենգազի քաղաքի Քիշ հրապարակում «Կանգնեցնենք ահաբեկչությունը» խորագրով բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 200,000 մարդ:
Լիբիայում անցկացված հակաթուրքական բողոքի ակցիային ավելի քան 200,000 մարդ է մասնակցել ( լուսանկարներ)
Բողոքի ակցիային մասնակցել են քաղաքապետարանի աշխատողներ, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած պատվիրակություններ, ինչպես նաև մտահոգ քաղաքացիներ, որոնք իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ իրենց երկիր Թուրքիայի ներխուժման:
Ակցիայի մասնակիցները հնարավորություն են ունեցել միանալ «Կանգնեցնենք ահաբեկչությունը» շարժմանը և գրանցվել Լիբիայի ազգային բանակի շարքերում` համալրելու համար հայրենիքի պաշտպանների շարքերը: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել միանալ բանակին, արյուն են հանձնել բանակի անդամների համար և ստացել են երախտագիտության նամակներ:
Հրապարակում լիբիացիները պայթեցրել են Թուրքիայի դրոշով ներկված երեք փչովի տանկեր, ինչպես նաև վերացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մարտիկի նախապես պատրաստված արձանները:
«Կանգնեցնենք ահաբեկչությունը» շարժման կողմից հայտարարություն է հնչեցվել, որում ասված է, որ լիբիացիները դժգոհ են Թուրքիայի ներխուժումից իրենց երկիր, Թուրքիայի գործողությունները գնահատում են որպես իրենց երկրի օկուպացում, քանի որ Թուրքիան գործում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ համատեղ, իսկ վերջինիս լիբիացիները ընդունում են ոչ թե որպես իրենց երկրի կառավարություն, այլ որպես ահաբեկիչներ:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ: