Մարտունու 5/2 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի. հանձնաժողովի նախագահ
Մարտունու 5/2 ընտրատեղամասում 1359 ընտրողներից ժամը 17։00֊ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 770 ընտրող։
Մարտունու 5/2 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի. հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ծատրյանը։
Նրա խոսքով՝ փորձել են հնարավորինս զերծ մնալ կուտակումներից, իսկ քաղաքացիներին հորդորել են պահպանել անվտանգության կանոնները։ Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի և մինչ այս պահը դիմում֊բողոքներ չեն ներկայացվել։
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։