ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի երկուսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանից բժշկական սարքավորումների տեսքով օգնության ստացումը՝ դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «գեղեցիկ ժեստ» որակելով:
Դոնալդ Թրամփը պատմել է Պուտինի կողմից «գեղեցիկ ժեստի» մասին
«Դա շատ գեղեցիկ ժեստ էր Պուտինի կողմից։ Կարող եմ ասել՝ շնորհակալ եմ, չարժե, կամ պարզապես՝ շնորհակալություն: Դա բարձրորակ բժշկական ապրանքներով լի մեծ ինքնաթիռ էր և ես ասացի՝ վերցնում եմ: Ես նշեցի, որ ընդունում եմ օգնությունը»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ անհանգստանում է, թե ինչպես իր որոշումը կընդունվի։
«Նա բժշկական պարագաներ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ։ Դա կարող է շատ կյանքեր փրկել։ Նման օգնություն ես ցանկացած օր կընդունեմ»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանից նոր տեսակի կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ է գնել:
Գնված ապրանքների թվում եղել են արհեստական շնչառական համակարգեր և անհատական պաշտպանության միջոցներ։
Ռուսական ռազմական ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ Նյու Յորք է ժամանել ապրիլի 1-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ անհրաժեշտության դեպքում պատասխան օգնություն կստանա ԱՄՆ-ից։