Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող Արաբական կոալիցիան երկշաբաթյա հրադադար է հայտարարել Եմենում, ինչը կապված է երկրում կորոնավիրուսի տարածման հետ:
Արաբական կոալիցիան կորոնավիրուսի ֆոնին Եմենում հրադադար է հայտարարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք պատրաստվում ենք կորոնավիրուսի դեմ պայքարին»,-ապրիլի 8-ին հայտարարել է կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է Tert.am-ը:
Արաբական կոալիցիայի հաղորդագրությունում հստակեցվում է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ի ժամը 12:00-ից և հետագայում կարող է երկարացվել: Ապստամբ հուսիթները դեռևս հրապարակայնորեն չեն արձագանքել այս նախաձեռնությանը: Ավելի վաղ եմենյան հակամարտության բոլոր կողմերը աջակցել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի` քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար կրակը դադարեցնելու մասին կոչին:
Առայժմ Եմենում նոր տիպի կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Բազմամյա ռազմական գործողությունների հետևանքով երկրում խարխլվել է բազային բժշկական համակարգը: Փորձագետները վախենում են, որ Եմենում կորոնավիրուսի տարածումը կարող է ողբերգության հանգեցնել:
2015 թվականից երկրում պատերազմ է ընթանում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ արաբական պետությունների կողմից աջակցություն վայելող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերի և Իրանի աջակցությունը վայելող ապստամբ հուսիթների միջև: Հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել, մեծ մասը` քաղաքացիական անձինք: