Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը չի գերազանցի 100 000-ն ու շատ ավելի ցածր կլինի:
Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 100 000-ից պակաս զոհ է կանխատեսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կանխատեսվում է, որ զոհերի թիվը 100 000-ից պակաս կլինի»,-ասել է նախագահը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշում է Tert.am-ը, միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ համավարակի հետևանքով իրենց սիրելիներին կորցրած մարդկանց օգնել հնարավոր չէ և որ նրանք այլևս երբեք չեն լինի առաջվանը:
Այնուհետև նախագահը շարունակել է խոսքը՝ անդրադառնալով տնտեսությանը:
«Մենք ունենք տնտեսության խթանման ահռելի ծրագրեր: Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց կունենաք և կհաջողենք շատ հարցերում, այդ թվում նաև տնտեսական»,-ասել է Թրամփը՝ կանխատեսելով, որ ԱՄՆ-ն այս իրավիճակից առաջվանից էլ ավելի հաջողակ և ուժեղ դուրս կգա:
Հայտնի է, որ նախագահը պատրաստվում է մայիսի մեկից վերաբացել երկրի տնտեսությունը՝ փորձելով հնարավորինս արագ վերացնել համավարակի տնտեսական հետևանքները:
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է ախտահարման 468 895 դեպք, որից 16 697-ը՝ մահվան ելքով: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում զիջում է միայն Իտալիային, որտեղ մահացել է 18 279 մարդ: