Այսօր լրանում է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի ծննդյան 56-ամյակը։
Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի ծննդյան 56-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը նշեց, որ Արթուր Մկրտչյանը նոր սերնդի քաղաքական գործիչ էր , ով փորձեց իրագործել և պահպանել ազգային շահը։
«Նա ըստ էության քաղաքական նոր մշակույթ բերեց՝ արտահայտելով ժողովրդի իղձերն ու ցանկությունները, ինչն իմ կարծիքով նրան հաջողվեց։ Չնայած կարճ ժամանակով նա մնաց երկրի ղեկավարի պաշտոնում, բայց իր ուրույն գործունեությամբ նպաստեց Արցախի Հանրապետության պետականաշինության գործին։ Որպես անձնավորություն նա շատ պարզ էր, բայց և բազմաբովանդակ, մարդամոտ ու անմիջական, ով ապրում էր մարդու հոգսերով»,-ասաց Վ. Բալայանը՝ հավելելով, որ Ա. Մկրտչյանը միաժամանակ նաև կայացած գիտնական էր՝ մտավորականի ընդգծված կերպարով։
Նշեք, որ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Էդիլու գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանկ պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այն ավարտելուց հետո 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։ Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գոտիների ազատագրման կռիվներին։ 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։1992 թ.վականի ապրիլի 14-ին եղերական մահը կտրեց նրա կյանքի թելը՝ ըստ պաշտոնական վարկածի մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։