Artsakhpress

Վերլուծական

Լիբանանը դեպի նոր ճամփաբաժան

Լիբանանում ակնկալելի էր, որ արտակարգ դրությունից դեպի կյանքի բնականոն հուն վերադարձին համընթաց վերստին աշխուժանային բողոքի գործողությունները:

Լիբանանը դեպի նոր ճամփաբաժան

Լիբանանը դեպի նոր ճամփաբաժան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համակողմանիորեն կա գիտակցություն, որ Լիբանանի դեպքում, ի տարբերություն աշխարհը հարվածած թագավարակի ստեղծած համատարած իրավիճակներին, խնդիրը ըստ էության այլ բնույթ ունի եւ կորոնավիրուսի ստեղծած տագնապից շատ ավելի առաջ արդեն ձեւ ու մարմին էր ստացել: 
Կորոնավիրուսի հաղթահարման համար հայտարարված միջոցները պարզապես հետաձգում էին այն, որը սոցիալական եւ քաղաքացիական բնույթի գործողություններով սկսվեց եւ շատ արագ անցում կատարեց դեպի քաղաքական հարթություն: 
Խորքում սակայն սոցիալական-քաղաքացիականն արդյունք էր արտաքին առումով զուտ քաղաքական դրդապատճառներով սկսված ֆինանսական եւ տնտեսական պաշարման: Ապաշնորհ կառավարման պատճառով ենթահող էր ձեւավորվել. մնում էր երկիրը ենթարկել պաշարման, որպեսզի ժողովրդային պոռթկումն սկսվեր։ 
Թագավարակի իրավիճակը պարզապես կանգառային կարգավիճակ ուներ («թայմ աութ»): Կառավարության հրաժարական, սեղմ եւ ապակուսակցական կառավարության կազմություն, եւ ապա ապահամայնքայնացման բարձրաձայնում` արդեն խոսում էին համակարգային փոփոխությունների մասին: Փուլ առ փուլ ցուցարարները պահանջներ էին վերափոխում։ Վերջին շրջանում արդեն խաղաղ ցույցերը վերածվում էին քաղաքացիական անհնազանդության վայրագ դրսեւորումների: 
Թվում է թե հիմա տեղի ունեցածը այս բոլորի խառնուրդն է: Քաղաքացիականն ու սոցիալականը իբրեւ անհրաժեշտ մղիչ գործոն առկա են, սակայն քաղաքական առաջադրանքները ձեւավորվում են լիբանանյան քաղաքական բեմին հրամցնելով նոր օրակարգեր: 
Բաժանարար գծի ուրվականը ինքն իրեն զգալի  է դարձնում Բեյրութի փողոցներում ցույց-հակացույցի առաջնորդող մթնոլորտով: Ավելի հեռվից դիտարկելով, կատարվում է այն, ինչ որ տարբեր աշխարհագրական միջավայրերում բեւեռացումներով ճամբարներ է առաջացնում արեւմտյանի եւ իրանյանի կամ ամերիկյանի եւ ռուսականի, հետզհետե նաեւ ամերիկյանի ու չինականի միջեւ: 
Հեզբոլլայի զինաթափման ուղղությամբ պահանջների հանրայնացման միտումները համարձակախոսությամբ նոր օրակարգ փողոց բերելու նպատակն են հետապնդում: Այստեղ օգտագործվում է արդեն դավանանքային առումով ներիսլամական լարվածություն` լիբանանյան մանրապատկեր ստեղծելով՝ տարածաշրջանը հատկանշող սուննի-շիի հակամարտության համապատկերին: Առընթեր` աշխարհի տարածքում ԱՄՆ-ի դեմ ծայր առած բողոքի գործողությունները հասնում են Բեյրութ՝ յուրաքանչյուր կազմակերպելի հանրահավաքի կամ ցույցի հետևում այլեւս տեսանելի դարձնելով այս կամ այն պետության ձեռագիրը, ներշնչանքը կամ թելադրանքը:
Ցույցերի տեսքով քաղաքական պրոքսի պատերազմի մասին է խոսքը, ուր Լիբանանը հերթական անգամ դառնում է բախումնային կետ, գերպետական պարանաձգությունների  խաղահրապարակ:
Մինչ, լիբանանյան դրամանշի անկումը, այդ պատճառով սրընթաց սղաճը, արտարժույթի տագնապը եւ այդ պատճառով արտաքին աշխարհի հետ առեւտուր կատարելու հետզհետե ճնշիչ սահմանափակումները հուշում են, որ Լիբանանի դեպքում ճգնաժամը չի ավարտելու թագավարակի չեզոքացումով։ Հավանաբար այն նոր տարողությամբ է վերսկսելու, որը ֆինանսական կամ տնտեսական եւ հետեւաբար սոցիալական տեսք ունի, սակայն ըստ էության քաղաքական է շատ սուր բնույթով։ 
Թելադրվող օրակարգերի, ցույց-հակացույցերի, կատարված հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների բնույթն ու տարողությունները հուշում են, որ Լիբանանը փուլ առ փուլ անցում է կատարում՝  ներքաշվելով մի մեծ ծրագրի, որը  աշխարհաքաղաքական է.  որը  վերահսկելի քաոսիտեսությամբ բաժանարար գծերով եւ ներքաղաքացիական ցնցումներով է հատկանշվելու եւ որի ավարտը մնում է շատ անորոշ։
Համաշխարհային մասշտաբով տնտեսական պատերազմում բեւեռներ են լինելուՎաշինգտոնն ու Պեկինը։ Այս բեւեռացումին ընդառաջ Վաշինգտոնը փորձում է իր պայմաններով Թեհրանի հետ մերձենալու` կոտրելու համար Պեկին-Թեհրան-Ռուսաստան առանցքը: Առայժմ արդյունք չեն տալիս այս փորձերը: Լիբանանը հայտնապես դիտարկվում է եւ ընկալվում այս առանցքի միջինարեւելյան արբանյակներից, որի նկատմամբ կիրառվում է պաշարման քաղաքականություն: Մինչեւ հիմա հնչող քաղաքացիական կարգախոսները սոցիալական թե քաղաքացիական բովանդակությամբ արդարացի լինելով հանդերձ այս ճամփաբաժանին առաջնորդող  ուղիներ էին: Վերջին ցույցերը ճանապարհային ցուցանակ էին, թե երկիրն առաջնորդվում է դեպի  այդ ճամփաբաժանը:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search