Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանը հաստատեց ԱՀ 2019թ. պետբյուջեի կատարողականը

Քիչ առաջ Ազգային ժողովի լիագումար նիստում 25 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Արցախի Հանրապետության 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Խորհրդարանը հաստատեց ԱՀ 2019թ. պետբյուջեի կատարողականը

Խորհրդարանը հաստատեց ԱՀ 2019թ. պետբյուջեի կատարողականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկայացնելով պետական բյուջեի կատարողականը՝ ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը նախ անդրադարձել է ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացնել որոշ մակրոտնտեսական ցուցանիշների, ապա, ըստ ոլորտների, ներկայացրել է բյուջեի կատարողականը:
Մասնավորապես՝ 2019 թ.-ին անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 342.5 մլրդ դրամ (2018 թ.-ի 310.3 մլրդ դրամի դիմաց), ապահովելով 10.3 % տնտեսական աճ` 0.1 % դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է` 11.2 %: Նախարարի խոսքով՝ նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի, ավելացված արժեքի աճը, որն ապահովել է տնտեսական աճի 4.4 տոկոսային կետը:
Վ. Բաղդասարյանը նշել է, որ 2019 թ.-ի միջին ամսական անվանական աշխատավարձը, 2018 թ.-ի նկատմամբ, աճել է 8.9 %-ով և կազմել 175 հազար 522 դրամ (նախորդ տարի 161 հազար 181 դրամ): Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019 թ.-ին կազմել է 656.1 մլն ԱՄՆ դոլար` 2018 թ.-ի համեմատ ապահովելով 18.2 % աճ:
ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Նա նշել է, որ ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման գործընթացի նկատմամբ պալատի կողմից իրականացվել է ֆինանսական և համապատասխանության հաշվեքննություն, որով գնահատվել են կառավարության կողմից հաշվետու տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված դրույթների պահպանումը, ֆինանսների նախարարության ու գանձապետարանի կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումը ու իրականացումը՝ ընդգրկելով 12 ծախսային ծրագիր, բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանանահավատությունը:
 
Է. Ավանեսյանի խոսքով՝ ընտրանքային կարգով հաշվեքննության է ենթարկվել  քաղաքաշինության, ֆինանսների, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, առողջապահության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների, ինչպես նաև Ասկերանի շրջվարչակազմի կողմից բյուջետային 29 ծախսային ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ :
 
ԱՀ Հաշվեքննիչ պալատը ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տվել է դրական եզրահանգում:
 
Այնուհետև ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
 
ԱԺ իրավասու մյուս` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը նշել է, որ հանձնաժողովը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հոդվածների կատարողականի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հայտնելով, որ շահագրգիռ բոլոր առաջարկությունները և կառուցողական բնույթի հարցադրումները հաշվի կառնվեն ԱՀ կառավարության կողմից: Նա շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար և նշել, որ յուրաքանչյուր տարի կառավարության կողմից ներկայացվող հաշվետվություններում ավելի է բարձրանում հաշվետվողականության, թափանցիկության և հրապարակայնության աստիճանը:
 
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելուց հետո Խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները: Ըստ այդմ «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք», «Միասնական Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտնել են կողմ, Արցախի «Արդարություն» խմբակցությունը դեմ քվեարկելու, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը ձեռնպահ քվեարկելու իրենց որոշումների մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search