Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու որոշումը:
«Մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, այլ ոչ թե ազգային միանձնյա մոտեցումներ». Բեռլինը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը
Մաասի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱԳ նախարարության պաշտոնական թվիթերյան էջում։
«ԱՀԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմամբ ԱՄՆ-ն սխալ ազդանշան է ուղարկում ոչ ճիշտ ժամանակին»,- հայտարարել է Մաասը՝ հավելելով․ «Մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, այլ ոչ թե ազգային միանձնյա մոտեցումներ»։
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ «ամբարտակը չենք կարող քանդել և նորը կառուցել այն ժամանակ, երբ ջուրը հորդում է»։
«Մենք, անկասկած, դասեր ենք քաղում COVID-19-ից և անհրաժեշտ բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք մտադիր ենք այդ խնդրի վրա կենտրոնանալ ճիշտ ժամանակին»,-հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին, որ երկիրը պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կորոնավիրուսի համավարակի ֆոնին: ԱՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր դեռևս մայիսին՝ մեղադրելով կազմակերպությանը վիրուսի ծագումը թաքցնելու հարցում Չինաստանին օգնելու համար: