ԱՀ Նախագահն անդրադարձել է ավտոճանապարհային երթևեկության խնդիրներին. տրվել են առաջին հանձնարարականները (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է ավտոճանապարհային երթևեկության խնդիրները հանրապետությունում:
ԱՀ Նախագահն անդրադարձել է ավտոճանապարհային երթևեկության խնդիրներին. տրվել են առաջին հանձնարարականները (Տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նախագահ Հարությունյանը նախ անդրադարձել է նախօրեին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, որի հետևանքով տուժել է 5 քաղաքացի: Բախվել են «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Նախագահը ցավով է հայտնել, որ տուժած 5 քաղաքացիներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 1-ինը՝ կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար: Ի դեպ, 5-ից 2-ը երեկ էին զորացրվել:
Երկրի ղեկավարը նրանց մաղթել է առողջություն և արագ ապաքինում ու պատրաստակամություն հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը: Նա նշել է, որ, բժիշկների թույլտվության դեպքում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիները ուղղաթիռով կտեղափոխվեն Երևան:
Վերջին 10-15 օրվա ընթացքում Հանրապետության տարածքում սա երկրորդ դեպքն է, որը, ըստ Նախագահի, խիստ մտահոգիչ է:
«Ավտոճանապարհային երթևեկության խնդիրները տարիներ շարունակ թողել ու շարունակում են թողնել իրենց անդառնալի հետևանքները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի 9 զոհի փոխարեն՝ այս տարի գրանցվել է 6 զոհ և 54 վիրավորի փոխարեն՝ 38 վիրավոր, իսկ, ընդհանուր առմամբ, վերջին 10 տարվա ընթացքում գրանցվել է 255 զոհ, և հազարավոր քաղաքացիների համար ճանապարհատրանսպորտային պատահարներն անհետևանք չեն մնացել, քանի որ նրանցից շատերը ձեռք են բերել հաշմանդամություն»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Նախագահի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները պահպանելու առումով պետք է սկսել խիստ և անզիջում պայքար՝ այդ գործընթացի մասնակիցը դարձնելով նաև հասարակությանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ արտոնյալներ չպետք է լինեն, և ճանապարհային երթևեկության կարգ ու կանոնը լինելու է երկրի ներքին կայունության, համերաշխության և, իհարկե, օրենքի գերակայության գլխավոր ուղղություններից մեկը:
Նախագահի առաջին հանձնարարականը տրվեց ոստիկանապետին ու ոստիկանության բոլոր աշխատակիցներին՝ չպետք է հանդուրժել որևէ մեկի խախտումը:
Ուղիղ եթերի ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև տրանսպորտային միջոցների անվտանգության կանոնների պահպանմանը, մասնավորապես՝ ամրագոտիների կիրառմանը: Չնայած օրենսդրական կարգավորումը կա և չկրելու դեպքում նախատեսվում է համապատասխան տուգանք, սակայն ոչ բոլորն են հետևում դրանց կիրառմանը: Այս առումով առաջիկա 3 ամիսները ոստիկանության և, մանավանդ, պետավտոտեսչության աշխատողների համար լինելու են բացատրական աշխատանքների ժամանակահատված՝ պարբերաբար զգուշացնելու քաղաքացիներին կրել ամրագոտիներ:
Ա. Հարությունյանը հայտնել է, որ տրանսպորտային միջոցներ վարող օրինախախտ քաղաքացիների նկատմամբ պայքարը լինելու է հանրապետության ողջ տարածքում:
ՃՏՊ լուսանկարները՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության