Հունաստանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պիրեյոսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, գործարար Վասիլիս Կորկիդիսը թուրքական իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման ֆոնին հույն գործարարներին կոչ է արել Թուրքիայի հետ առևտրի էմբարգո սահմանել, իսկ սպառողներին՝ բոյկոտել թուրքական ապրանքները:
Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես առաջարկում եմ պալատների Կենտրոնական միությանն ընդունել բողոքի բանաձև, որի համաձայն մենք՝ որպես գործարարներ, Թուրքիա չենք ներմուծի և այնտեղից չենք արտահանի ապրանքներ, ինչպես նաև որպես սպառողներ՝ չենք գնի 868 և 869 գծակոդերով ապրանքները», - tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կորկիդիսը:
Նա հունական իշխանություններին նաև առաջարկել է դիմել ԵՄ-ին՝ Թուրքիայի դեմ առևտրային պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով: Կորկիդիսը նաև հայտարարել է, որ բոլորը գիտակցում են, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման և սպառման արգելքից հետո պատասխան արձագանքը չի ուշանա, և, հնարավոր է՝ Հունաստանի տնտեսությունը մեծ վնաս կրի։
«Բայց արդյո՞ք հունական, քրիստոնեական և համաշխարհային մշակութային հուշարձանի ոչնչացման գործողությունները գին ունեն»,- ընդգծել է Կորկիդիսը։
Նշվում է, որ հունական արտադրանքի արտահանումը Թուրքիա հասնում է 1,4 մլրդ եվրոյի, իսկ Թուրքիայից Հունաստան ներմուծումը մոտ է մեկ միլիարդ եվրոյի: