Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ:
Հայ ռազմագերիների հանդեպ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցներ. ԱՀ ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ այդ լուսանկարներում ու տեսանյութերում ներկայացված են լինում տարբեր տիպի ռազմական հանցագործություններ, մասնավորապես՝ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, ինչպես նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր:
Ա. Բեգլարյանը նշել է, որ այդ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցներ, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների միջազգային մարդասիրական նորմերի դրույթները:
«Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները ու երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, ինչպես նաև հայ զինծառայողների դիակների մասով պետք է բացառվեն հետագա իրավախախտումներն ու ոտնձգությունները:Այս համատեսքտում շատ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը երկու անգամ հրաժարվել է հրադադարի պայմանավորվածությունները պահելուց, ինչի հետևանքով բավականին շատ հայ և ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չէ փոխանակել, ինչը անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ: Տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնվում մարդասիրական հրադադարի պահպանմանը և չի ցանկանում, որ այդ զոհերի դիակները հասնեն իրենց ընտանիքներին, որը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,- մանրամասնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: