ՆԱՏՕ-ն վերջին տարիներին մեծացրել է իր ներկայությունը Սև ծովի տարածաշրջանում: Այսպիսով, դաշինքը արձագանքում է Ռուսաստանի գործողություններին, որը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում և Սև ծովում:
ՆԱՏՕ-ն սևծովյան տարածաշրջանում իր ներկայության ընդլայնումը բացատրել է «Ռուսաստանի ագրեսիվությամբ»
Ստոլտենբերգը նշել է, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների երկրորդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարների հետ:
«Այսօր մենք կրկին հաստատել ենք մեր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Քննարկել ենք բարեփոխումների օրակարգը, ավելացնում ենք մեր գործնական օժանդակությունը: Նախարարները պայմանավորվել են բարելավել մեր իրազեկումը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ամրապնդել երկխոսությունը մեր երկու գործընկերների հետ»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում դաշնակիցներն ու գործընկերները քննարկել են սևծովյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, «որը ռազմավարական նշանակություն ունի»:
«Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր ռազմական ուժը մեծացնել Ղրիմում և ավելի ու ավելի շատ ուժեր է տեղակայում սևծովյան տարածաշրջանում: ՆԱՏՕ-ն պատասխանում է՝ ուժեղացնելով իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում»,-ասել է Ստոլտենբերգը:
Այս հայտարարությանն արդեն արձագանքել են. չճանաչված Ղրիմի Հանրապետության օրենսդիր իշխանության սենատոր Սերգեյ Ցեկովի խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին մեղադրում է Սև ծովում ակտիվության աճի համար՝ այնտեղ սեփական ռազմական ներկայության կուտակումը արդարացնելու նպատակով:
«Ռուսաստանը Ղրիմում և սևծովյան տարածաշրջանում գործում է բացառապես իր անվտանգության պաշտպանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նրանք պարզապես ամրապնդում են իրենց ներկայությունը տարածաշրջանում ՝ թաքնվելով այնտեղ Ռուսաստանի աճող գործունեության ետևում: Սա չի կարող անհանգստություն չառաջացնել»,-ասել է Ցեկովը: