Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հարգելի բացակայությունների պատճառով որևէ ուսանող չպետք է տուժի, քանի որ կան հարյուրավոր ուսանողներ, ովքեր կամ Արցախի տեղահանված բնակավայրերից են և ներկայումս ունեն կացության խնդիր, կամ էլ կորցրել են իրենց հարազատներին:
Հարգելի բացակայությունների պատճառով որևէ ուսանող չի տուժելու. ԱրՊՀ ռեկտոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նման որոշում կայացվել է ռեկտորատի նիստում:
Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կայանալիք գիտխորհրդի նիստում կներկայացվի քննությունների գնահատման կարգը. 2020-2021 ուսումնական տարվա բոլոր ստուգումները կանցկացվեն ավանդական եղանակով՝ առանց գնահատման: Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո հայտարարել է, որ ԱրՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգի ուսանողները սովորելու են անվճար հիմունքներով և նրանց ուսման վարձավճարը փոխհատուցվել է ԱՀ կառավարության կողմից:
Ա. Սարգսյանը նշել է, որ առաջիկայում այդ ուղղությամբ ԱՀ կառավարության կողմից կկայացվի համապատասխան որոշում: