Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության, թշնամանքի բացահայտ քարոզը հայերի հանդեպ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ:

Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության, թշնամանքի բացահայտ քարոզը հայերի հանդեպ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության, թշնամանքի բացահայտ քարոզը հայերի հանդեպ․ ՀՀ ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:
2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ:
Ընդ որում, նույն միջոցառման ժամանակ Հայաստանի ողջ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ սպառնալիքներով, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ու այն իրականացնողների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր նույն օրվա հրապարակային հայտարարությամբ արդեն իսկ ներկայացրել է այդ երկու ելույթների խիստ վտանգավոր հետևանքները ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի համար անգամ:
3. Դատապարտելի է հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների ներկայությամբ, այսինքն՝ արդեն ոչ թե ներքին, այլ միջազգային լսարանի համար, այն է` միջազգային գործիչների հետ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի հանդիպման ընթացքում:
4. Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացությունն ու թշնամանքը խորացնող արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ սպառնալիքներով:
Մասնավորապես, նա այդ ելույթի Հայաստանին վերաբերող մասում նշել է. « (…) եթե հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի, մենք նրա գլուխը երկաթե բռունցքով կջարդենք»: Ընդ որում, դա արվել է՝ հատուկ հղում անելով Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահի ելույթին:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև. «Այնպիսի պատասխան տվեցինք, որ Հայաստանի բանակը և կարելի է ասել հայկական պետությունը ոչնչացրինք (…)։ Հայ ազգայնականների այսպես կոչված «Արցախի» երազանքները ցրիվ տվեցինք։»:
5. Այդ նույն ելույթում օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝ կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ:
6. Ադրբեջանի նախագահն այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով:
7. Ատելություն ու թշնամանք սերմանող ձևակերպումները Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է, թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահի Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ելույթներում անընդհատ խոսվում է «հայկական ֆաշիզմի» մասին ու դա արվում է հայ ժողովրդին ակնհայտ վիրավորանք հասցնելու և Ադրբեջանի ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու իմաստներով:
8. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, հավաքագրված ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ ձևակերպումներով ատելությամբ ու թշնամանքով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ:
9. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հենց այս կերպ, հենց նման ելույթներն են տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու պետական ամենաբարձր մակարդակով այդ ամենին աջակցություն:

Հայասպանության համար հերոսացման պետական մակարդակով խրախուսումն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ անգամ այդ երկրի Մարդու իրավունքների հանձնակատարը (Օմբուդսման) Եվրոպական Միության անդամ երկրում 2004 թվականին հայ զինվորականին գիշերը կացնով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի մասին հրապարակայնորեն հայտարարել է, որ նա պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար:
10. Նման ելույթներն են ուղիղ պատճառ այն բանի, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ:
11. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը: Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:
12. Ուստի, Ադրբեջանի նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել:

Այս ելույթները նաև հաստատում են, որ միջազգային քրեական իրավունքով նախատեսված այդ արարքները ադրբեջանական կազմակերպված պետական քաղաքականության արդյունք են, որոնցով հստակ ապացուցվում է Արցախում էթնիկ զտումների ու ահաբեկչական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
13. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ունեցել է միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ նրանց ինչ որ քննադատության:
14. Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների:
15. Նման ծայրահեղ վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային հանրության խիստ դատապարտմանը: Պետք է նկատի ունենալ, որ այս ամենը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։
16. Անպատժելիությունը առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ:
17. Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:
18. Սույն հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը մարդու իրավունքների համար ծայրաստիճան վտանգավոր այս երևույթներին պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների ամենակոպիտ խախտումները, գերեվարության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց խոշատնգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու նպատող պայմանները արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ:
Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց զոհերի համար (ցմահ հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեկան երեկարատև ազդեցությամբ տառապանքներ խոշտանգումների զոհերին ու նրանց ընտանիքներին և այլն)»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search