ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկներով՝ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մինչև 40 հազար արցախցի:
Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մինչև 40 հազար արցախցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ նշված ցուցանիշը վերաբերում է ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով կորցրած բնակավայրերի ընտանիքներին:
Ա. Բեգլարյանը կարծում է, որ առաջնահերթ պետք է լուծել ժամանակավոր կացարանների խնդիրը, և այս առումով կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն:
Նա նշել է, որ թեև շուկայական տնտեսություն է, սակայն պետությունը պետք է կարգավորող մեխանիզմներ գործադրի ու փորձի հնարավորինս ողջամիտ դաշտ բերել բնակվարձի չափերը, ինչը վերջին շրջանում բավականին բարձրացել է, քանի որ այս ամենը ուղիղ կերպով ազդում է անօթևան անձանց կենսամակարդակի ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
«Հետպատերազմյան իրավիճակով է պայմանավորված սոցիալական ապահովության խնդիրը, ուստի անհրաժեշտ է, որ պետական մարմինները երաշխավորեն, որպեսզի ոչ ոք սոված, անօթևան և առանց տաք անկյունի չմնա: Շատ կարևոր է, որ պետական միջամտությամբ և հասարակական սեկտորի էական ընդգրկվածությամբ ձևավորվեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որպեսզի հոգեբանական ցնցումները վերացվեն կամ էլ կառավարվեն»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը: