ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքում հրապարակվել են մի շարք զեկույցներ:
Պատերազմի հետևանքով զոհվել է 60, վիրավորվել՝ 163 քաղաքացիական անձ. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ զեկույցներից 2-ը վերաբերում էին ընթացիկ վիճակին, 3-րդը կհրապարակվի առաջիկա օրերին: Առանձին թեմատիկ զեկույցներ հրապարակվել են երեխաների իրավունքների և Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման դեպքի վերաբերյալ: ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հետ համատեղ 2 զեկույց պատրաստվել է պատերազմական գործողությունների ընթացքում հայատյացության դեպքերի և արգելված քիմիական ենթադրաբար ֆոսֆորային զենքերի կիրառման վերաբերյալ, որը դեռևս պետք է շարունակել, քանի որ ի հայտ են գալիս նոր ապացույցներ:
Մեկ այլ զեկույց վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի դեպքերին, և, ընդհանրապես, ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հայկական ժառանգությանը: Ա. Բեգլարյանը նշել է, որ այլ զեկույցներ ևս կան, որոնք վերաբերվում են տարբեր խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը:
Ընդհանուր առմամբ, 6 փակ զեկույց է պատրաստվել, որոնք գլխավորապես վերաբերում են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների հանդեպ իրականացված խոշտանգման դեպքերին և սպանություններին:
Ըստ պատրաստված զեկույցների՝ նախնական տվյալներով 60 քաղաքացիական անձ է զոհվել, որից 39-ը պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով, իսկ 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարման մեջ ընկած քաղաքացիների սպանության դեպքերն են: Պատերազմի արդյունքում վիրավորվել է նաև 163 քաղաքացիական անձ: