ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ այս պահին քաղաքացիական անձանց շրջանում կա 40 անհետ կորած:
Պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կա 40 անհետ կորած. գերության մեջ է պահվում 4 կին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ հաստատված տեղեկություններով նրանց մի մասը գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն այդ մասին Ադրբեջանը լռում է:
Նրա խոսքով՝ ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ, սակայն այդ մասին պաշտոնապես չի հաստատում:
Գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման աշխատանքներում գլխավոր խանգարող գործոնն Արտակ Բեգլարյանը համարում է Ադրբեջանի ապակառուցողական ու հանցավոր վարքը, այդ թվում՝ մեծածածավալ հանցագործություններ և սպանություններ իրականացնելու դեպքերում:
Պաշտոնական տվյալներով գերության մեջ է պահվում նաև 4 կին, սակայն, ըստ Ա. Բեգլարյանի, դա միայն պաշտոնապես Ադրբեջանն է հաստատել:
Անդրադառնալով պատերազմի արդյունքում կրած նյութական վնասներին՝ Ա. Բեգլարյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, վնասվել է 15 հազար բնակելի տուն, շուրջ 3500-4000 ենթակառուցվածքային միավոր և հանրային նշանակության օբյեկտ, 2500 տրանսպորտային միջոց: Նախնական տվյալներով տնտեսությանը հասցված վնասը կազմում է մինչև 2 միլիարդ դոլլար: