ՌԴ-ն քննադատել է Բորելի մեկնաբանությունները Մոսկվա այցի վերաբերյալ․ ԵՄ-ում նրա այցն անվանել են «աղետալի»
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մոսկվայում էր գտնվում փետրվարի 4-6-ը։
ՌԴ-ն քննադատել է Բորելի մեկնաբանությունները Մոսկվա այցի վերաբերյալ․ ԵՄ-ում նրա այցն անվանել են «աղետալի»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Բորելը հայտարարել էր՝ կան ոլորտներ, որոնցում Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է համագործակցեն, Բրյուսելը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը՝ չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին։
Իսկ Բրյուսել վերադառնալուց հետո Բորելն իրբլոգումկարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հեռանում է Եվրամիությունից, և դրա մեղավորը հենց Ռուսաստանն է։
«Իմ այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել ԵՄ-ի հետ ավելի կառուցողական երկխոսություն ունենալու հնարավորությունից։ Սա ցավալի է, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»,- գրել է Ժոզեպ Բորելը։
Լավրովի հետ մամուլի ասուլիսը Բորելը որակել է ագրեսիվ, իսկ ասուլիսին նախորդող քննարկումները՝ լարված։
«Երբեմն իմ ռուս գործընկերոջ հետ քննարկումը մեծ լարվածության էր հասնում, երբ ես կոչ էի անում ազատ արձակել պրն. Նավալնիին, ինչպես նաև լիարժեք և անկողմնակալ կերպով հետաքննել նրա հանդեպ մահափորձը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Բորելի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։
«Ես պնդել եմ, որ հարկավոր է առաջընթաց կատարել Մինսկի համաձայնագրի իրագործման ուղղությամբ, հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մեր քննարկած թեմաների շարքում էր նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տիրող ճգնաժամերը։ Մենք նաև համաձայնեցինք այն հարցում, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի հարցում»,- հավելել է Ժոզեպ Բորելը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը, սակայն, նշել է, որ Բորելի հայտարարությունները Բրյուսել վերադառնալուց հետո հակասում են Մոսկվայում հնչեցրած խոսքերին։ РИА Новости գործակալությունըհաղորդում է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ զարմացած են այցի արդյունքների վերաբերյալ Բորելի գնահատականներից։
«Ռուսական կողմը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է բանակցությունների արդյունքները, և նա բոլոր հնարավորություններն ուներ՝ անմիջապես սեփական գնահատականը տալու։ Ոչ ոք չի սահմանափակել նրան ո՛չ ժամանակի, ո՛չ ձևաչափի առումով»,- հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից։
Մոսկվան ենթադրում է, որ Բորելը նման մեկնաբանություններ է արել, քանի որ Բրյուսելում նրան բացատրել են, թե ինչ շեշտադրումներ էր հարկավոր անել։
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները քննադատել են նաև Եվրոպայում։ Հենց այն ժամանակ, երբ Բորելը Մոսկվայում էր գտնվում, Ռուսաստանը երկրից արտաքսեց Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի 3 դիվանագետների՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ցույցերին մասնակցելու համար։ Politico թերթը,հոդվածումքննադատելով մամուլի ասուլիսի ժամանակ Բորելի մեկնաբանությունները, ընդհանուր առմամբ, ասուլիսն անվանել է աղետալի։
«Ընդհանուր առմամբ, Բորելի ելույթն աղետալի էր։ Նա խոստովանեց, որ ԵՄ-ն որևէ քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ կապված Նավալնիի գործի հետ։ Բորելը՝ Իսպանիայի նախկին արտգործանախարարը, կիսաժպիտով լուռ լսում էր, երբ Լավրովն իր ամփոփիչ խոսքում նախատեց Եվրամիությանը՝ կառույցն անվանելով անհուսալի գործընկեր»,- գրում է թերթը։
Բորելի այցին բացասական գնահատական են տվել եվրոպական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ՝ նշելով, որ Բորելը պետք է լսեր տարբեր կոչերը և չեղարկեր իր այցը Մոսկվա։