Այսօր՝ հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ, հայրապետական այցով ժամանել է Արցախ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նրանք ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում, այնուհետև Գարեգին Բ֊ի գլխավորությամբ, ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների, կատարվել է հոգեհանգստյան պաշտոն։
Երկրի ղեկավարը, Վեհափառ Հայրապետն ու կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը այցելել են նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել անմահ հերոսների շիրմաքարերին։
Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս ու Գանձասաի վանական համալիրներում։ Իսկ կիրակի առավոտյան Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Սուրբ պատարագ կմատուցի։
Վեհափառը չպատասխանեց լրագրողների հարցերին։ «Քանի որ եռօրյա այցով եմ Արցախում, այցիս տպավորությունների մասին կխոսեմ կիրակի օրը, Սուրբ պատարագի ժամանակ",- ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։