1992թ.֊ին՝ այս օրը , Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում զոհվել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանը։
1992թ. այս օրը զոհվել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախյան շարժման սկսվելուն պես՝ Վլադիմիրը գիտակցում էր, որ հայրենիքին վտանգ է սպառնում և պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել: Վաճառեց իր ավտոմեքենան, զենք գնեց և ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:
Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն մարտական գործողությունների ընթացքում որևէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության: Երբ թշնամին մոտեցել էր Մարտակերտին, կինը խնդրում է Վլադիմիրին ընտանիքն ավելի ապահով վայր տեղափոխել: Սակայն հերոսն անկոտրում էր. «Եթե ես ընտանիքս հանեմ, կասեն` հրամանատարը փախչում է»,֊ պատասխանում է նա:
1991 թվականի ձմռանը Շահումյանում հանդիպեցին Վլադիմիր Բալայանն ու Լեոնիդ Ազգալդյանը: Նրանց ծանոթությունը ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը և Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը պարբերաբար փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում, անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների, Վլադիմիր Բալայանի հրամանատարությամբ ազատագրեց 24 գյուղ։ Նա մասնակցել է Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Հադրութի և Քաշաթաղի շրջաններում ընթացող մարտական գործողություններին:
Վլադիմիր Բալայանը hետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։