ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսով հանդես չեն գա:
Պուտինն ու Բայդենը ժնևյան հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս չեն ունենա. CNN
Այս մասին պատմել են նախապատրաստական աշխատանքներում ներգրավված երկու ամերիկացի պաշտոնյաներ` մանրամասնելով, որ կարևոր հանդիպման ծրագիրը դեռևս վերջնականապես ձևավորված չէ, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին հայտնել է, որ երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսի մասին որոշում դեռ չկա:
Աղբյուրը նկատում է, որ երեք տարի առաջ Պուտինն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ ասուլիսով:
Օրերս Բայդենը հայտարարել էր, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կհիշեցնի, որ «Ամերիկան վերադարձել է»։