ԱրՊՀ-ում տեղի է ունեցել 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն:
ԱրՊՀ֊ում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանն այս տարի ավարտել է 659 շրջանավարտ, որից 500-ը՝ բակալավրիատում, 159-ը՝ մագիստրատուրայում: Բակալավրիատը գերազանցությամբ ավարտում է 78 շրջանավարտ, մագիստրատուրան՝ 56: Այսօր՝ հունիսի 17-ին, դիպլոմներ են ստացել բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները։
«2020-21 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 165 շրջանավարտ, որից 130-ը բակալավրիատի և 35-ը մագիստրատուրայի կրթական աստիճաններով: Բակալավրիատի կրթական աստիճաններով հինգ մասնագիտությունների գծով առկա և հեռակա ուսուցման համակարգերում գերազանցությամբ ավարտել է 22 շրջանավարտ, իսկ մագիստրատուրայի կրթական աստիճանով՝ 18 շրջանավարտ», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը:
ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը և Լ. Մարգարյանը շնորհավորել են բոլոր շրջանավարտներին ու հաջողություններ մաղթել հետագա մասնագիտական գործունեության ոլորտում: Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր շրջանավարտի համար այս օրը առանձնահատուկ խորհուրդ ունի:
«Շրջանավարտները մասնագիտական կարողություններով ոտք են դնում կյանքի մի նոր շրջափուլ: Թո՛ղ նրանց բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ, և մասնագիտական կարողությունները ի սպաս դրվեն միայն ու միայն ի շահ Արցախի ապագայի», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Դավթյանը: