«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրերը. պահանջվում են մասնագետներ
Կարևորելով Արցախի աշակերտների համար կրթության հասանելիության ապահովումն ու համայնքներում առկա հսկայական ներուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնահերթություններից է ուսուցիչ-առաջնորդների գործուղումն Արցախ ու փորձի փոխանակումը, ինչպես նաև համայնքներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության շրջանակներում նորարար մոտեցումների կիրառումը։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրերը. պահանջվում են մասնագետներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 2017թ. ի վեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի շրջանակներում Արցախ է գործուղվել 45 Ուսուցիչ-առաջնորդ, որոնք նախագծել և իրականացրել են համայնքային ներազդեցության մի քանի տասնյակ ծրագրեր։
«Դեռ 2019 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը Ստեփանակերտում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Արցախի Կրթության, գիտության և մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականացվեց Արցախի առաջին կրթական ֆորումը` «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով։ Կրթական ֆորումի նպատակն էր Արցախում հանրակրթության խնդիրների վերհանումն ու լուծման ուղիների քննարկումը», - մեզ հետ զրույցում նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Դպրոցի դասաժամերից զատ, Ուսուցիչ-առաջնորդներն իրականացնում են նաև արտադասարանական պարապմունքներ և վարում խմբակներ, որոնք նպաստում են աշակերտների զբաղվածությանն ու հմտությունների զարգացմանը։
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ նշված ժամանակաշրջանում կազմակերպվել են, ընդհանուր առմամբ, 23 անվճար հիմունքներով խմբակներ և պարապմունքներ։
Պատերազմից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրերը շարունակվում են:
«Տարեսկզբին Արցախի կրթական համակարգի դատին ենք ներկայացրել «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն» ծրագիրը (Change-Based Learning), ինչը ներառում է, ինչպես առարկայական գիտելիքներ, այնպես էլ աշակերտների նախաձեռնողականությանը, առաջնորդական հմտությունների զարգացմանը խթանող տարրեր։ Այդ ծրագրի իրականացման նպատակով ս.թ. փետրվար-մարտ ամիսներին ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը նվիրաբերել ենք ընդհանուր 850 պլանշետ։ Նախատեսվում է նաև մեր գործուն մասնակցությունը «Երկարօրյա դպրոց» ծրագրի ինչպես ընդհանուր վերապատրաստումներին, այնպես էլ ուղղակիորեն դպրոցներում կատարվող աշխատանքներում։ Այս պահի տվյալներով, որոնք, սակայն, ամառվա ընթացքում հնարավոր է փոփոխության ենթարկվեն, սեպտեմբերից Արցախում մեր «Առաջնորդության Զարգացման Ծրագրով» կաշխատեն և կդասավանդեն ընդհանուր մոտ 25 Ուսուցիչ-առաջնորդներ։ Ունենք թեկնածուներ ինչպես ՀՀ տարբեր մարզերից, Արցախից, այնպես էլ արտերկրից՝ մասնավորապես ՌԴ-ի մեր հայրենակիցները։ Հարկ եմ համարում նաև նշել, որ այդ դիմորդների ցանկում ունենք նաև Արցախի Քաշաթաղի և Հադրութի շրջաններից տեղահանված ուսուցիչներ, որոնք ցանկանում են իրենց ընտանիքներով վերաբնակեցվել Արցախում՝ օգտվելով մեր ծրագրի կողմից տրամադրվող օժանդակությունից», - ասաց Ա. Հովհաննիսյանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը նաև հավելեց, որ կառույցի Ստեփանակերտի գրասենյակում առկա է թափուր աշխատատեղ բավականին մրցունակ պայմաններով, և ցանկացողները կարող են դիմել՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Պատերազմական իրավիճակում հազարավոր աշակերտներ իրենց համայնքներից ստիպված եղան տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել ՀՀ տարբեր մարզերում: Քանի որ կրթական գործընթացից դուրս էին մնացել բազմաթիվ աշակերտներ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի արագ արձագանքը եղավ «Արտակարգ կրթություն» ծրագիրը, որի շրջանակներում այն Ուսուցիչ-առաջնորդները, ովքեր ևս ստիպված էին թողնել իրենց գյուղերը, սկսեցին աշխատանքները Արցախից տեղահանված հարյուրավոր աշակերտների հետ արդեն Հայաստանում:
«Նախագիծը մեկնարկեց Տավուշի մարզից և, հետագայում ընդլայնելով աշխարհագրությունը, ներառվեցին ևս 6 մարզեր, և շուրջ 60 մասնագետներ միացան թիմին, որի կազմում ներառված էին նաև Արցախից տեղահանված 12 ուսուցիչներ։ Ծրագրի շրջանակում մենք աշխատել ենք մոտ 1500 արցախցի աշակերտների հետ՝ տնայցից, հոգեբանական աջակցության տրամադրումից մինչև արտադասարանային պարապմունքներ: Ներկայումս ՀՀ-ի և Արցախի բազմաթիվ համայնքներում, Ուսուցիչ-առաջնորդները և Արտակարգ կրթության գծով օգնականները աշակերտների հետ միասին «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» շրջանակներում իրականացնում են համայնքային ազդեցության նախագծեր, որոնք ամփոփելու ենք հունիս ամսվա վերջին», - հավելեց Ա. Հովհաննիսյանը: