Այսօր՝ հունիսի 25-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում Հայրապետյանների և Հերհեր համայնքում Սարգսյանների ընտանիքներն ունեցան նոր բնակարաններ:
«Թուֆենկյան» հիմնադրամը Մաճկալաշենում և Հերհերում առանձնատներ է շահագործման հանձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանն ամբողջ համայնքի անունից խորին շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանին, ով իր հերթին նշեց, որ հպարտ է արցախցիներով, որոնք, դժվարություններվ հանդերձ, մնացել են իրենց պապենական օջախներում:
«Այս ծանր օրերին մենք պետք է աշխատենք ժողովրդի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, բայց ժամանակի ընթացքում խոստանում ենք աշխատել ժողովրդի հետ, որպեսզի ոչ միայն այսպիսի պայմաններ ստեղծվեն, այլ նաև կամաց-կամաց կարողանանք զարգանալ տնտեսապես, սոցիալապես: Եթե բնակչությունը կառչած չմնա հայրենի հողին, հետևանքներն աղետալի կլինեն», - մեզ հետ զրույցում ասաց Ա. Գասպարյանը:
Մաճկալաշենի բնակչուհի Զինա Հայրապետյանը չէր պատկերացնում, որ հնարավոր է իրենց այրված տունը այսպիսի բնակարանի վերածելը: «50 օրում ավարտեցին աշխատանքները: Շնորհակալ ենք «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Միայն ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, որպեսզի մենք էլ շարունակենք շենացնել մեր հայրենիքը», - նշեց նա:
Հերհեր գյուղի բնակիչ Կառլեստ Սարգսյանը, ով նույնպես այսօր նոր բնակարան ունեցավ, շնորհակալ է, որ հիմնադրամն, ինչպես միշտ, ժողովրդի կողքին է և օգնում է բոլոր նրանց, ովքեր զգում են դրա կարիքը:
Բարեգործական այցի շրջանակում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հումանիտար օգնություն ստացան Մաճկալաշեն համայնքի 10 կարիքավոր ընտանիքներ:
«Այս նախաձեռնությունը շատ սահմանափակ մեկնարկ է, և հուսով ենք, որ կարողացանք հերթական անգամ օգնել մեր կարիքավոր քույրերին և եղբայրներին: Մենք հավատում ենք, որ արցախցին մնալու է իր հայրենի հողում , և կփորձենք հնարավորին չափ օգնել նրանց», - մեզ հետ զրույցում նշեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը: