Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռահրետակոծության հետևանքով վնասված՝ Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով:
Կվերանորոգվի Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: «Կրթօջախի շենքի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը:
2018 թվականին, հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա, նախագիծ էր մշակվել, համաձայն որի՝ պետք է իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում: Ծրագրի արժեքը, 2018 թվականի գներով, շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայրիյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ քննարկման արդյունքում առաջարկվել է վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: «Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը: Շինարարությունը լրիվությամբ կավարտվի 2022 թվականի ամռանը»,- ընդգծել է Ա. Հայրիյանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: