ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ–ում այցելել է Հայ կրթական հիմնարկության կենտրոնական գրասենյակ:
Ազատուհի Սիմոնյանը Հայ կրթական հիմնարկության նոր ծրագրերի շուրջ ԱՄՆ֊ում քննարկում է ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ա. Սիմոնյանը: Նրա հավաստմամբ՝ հիմնարկության ղեկավար կազմի հետ քննարկվեցին Արցախում այս պահին իրականացվող ծրագրերը, առկա մարտահրավերները:
«Քննարկեցինք Արցախի կրթական համակարգի առջև ծառացած նոր խնդիրները և ԱՀ կառավարության կողմից մշակված կրթական համակարգին ուղղված միջոցառումներն ու նոր ծրագրերը: Հայ կրթական հիմնարկությունը տարիներ է, որ Արցախում վերանորոգել ու վերակառուցում է մի քանի տասնյակի հասնող դպրոցներ, հովանավորում է բազում արցախցի ուսանողների կրթությունը՝ տրամադրելով նաև կրթաթոշակներ:
Այսօր ևս Հայ Կրթականը անմասն չէ Արցախում դպրոցաշինության և աշակերտակենտրոն ու ուսանողակենտրոն ծրագրերի իրականացման գործում.այդ շրջանակում արդեն մեկնարկել են Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի և Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքների դպրոցների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները», - մանրամասնել է մեր զրուցակիցը։
Ա. Սիմոնյանի խոսքով՝ կառույցի՝ Արցախում իրականացրած հսկայածավալ աշխատանքների առհավատչյան ԱՀ նախագահի կողմից Հայ կրթական հիմնարկության երկարամյա ղեկավար Փիթեր Բաղդասարյանին պարգևատրելն է «Երախտագիտություն» մեդալով, որն ինքը պատիվ ունեցավ անձամբ հանձնելու: