Ամփոփվեց օգոստոսի 1-ին Պատարա գյուղի տարածքում մեկնարկած ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարը, որին մասնակցել են ԱՀ և ՀՀ բուհերից 100 ուսանողներ։
Ամփոփվեց ԱրՊՀ ուսանողական ամառային ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱրՊՀ լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը: «Ճամբարի ընթացքում ուսանողները մասնակցել են կրթական, մշակութային, ճանաչողական, մարզամշակութային, ժամանցային միջոցառումների։
Ճամբարի փակման հանդիսավոր արարողությանը ուսանողներն, ամփոփելով ճամբարական առօրյան, գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունավետությունից՝ ակնկալելով հաջորդ տարի ևս մասնակցել նման նախաձեռնության։ Ճամբարը նպաստել է միջբուհական կապերի սերտացմանը, ուսանողների կողմից նոր գիտելիքների, կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև Արցախն իր պատմամշակութային վայրերով նորովի բացահայտելուն։
Փակման արարողությանը ուսանողները հանդես են եկել հայրենասիրական, ազգագրական կատարումներով։ Իսկ ակտիվություն ցուցաբերած թիմերը խրախուսվել են պատվոգրերով», - մեզ հետ զրույցում ասաց Զ. Սառաջյանը: