«Պետական ծառայողական և սեփական մեքենա չունեմ, այդ իսկ պատճառով «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի մեքենան ժամանակավորապես օգտագործում եմ՝ որպես փոխադրամիջոց»:
ԱԺ նախագահին և ՊԲ հրամանատարին նոր մեքենաներ հատկացնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. պաշտոնական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սոցիալական ցանցերում տարածված նոր ծառայողական մեքենա ստանալու լուրերը «Արցախպրես»-ի հետ զրույցում հերքել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։ Պատերազմի ավարտից հետո հրաժարվել եմ անգամ պետական ծառայողական շքեղ մեքենայից: Կարծում եմ՝ մեր իրողության պայմաններում դա նորմալ երևույթ է, և այդ մեքենայի վաճառքից ստացված գումարով հնարավոր կլինի մեկ բռնի տեղահանված մեր հայրենակցի համար բնակարանի կառուցման աշխատանքներ սկսել», - նշեց Ա. Թովմասյանը։
Նույն հարցումով «Արցախպրես»-ը դիմել է նաև Պաշտպանության նախարարություն, որին ի պատասխան կրկին նշվել է, որ նոր մեքենա ձեռք բերելու մասին լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ:
«ՊԲ հրամանատարին սպասարկող մեքենան Պաշտպանության նախարարության ավտոպարկում է գտնվում 2015թ.-ից և սպասարկել է նաև ՊԲ նախորդ հրամանատարներին»,- ասված է ՊԲ պաշտոնական պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են հատկացվել: