ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի Գ. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում մեկնարկել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։
Վանքում մեկնարկել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Երկարօրյա դպրոց»-ի բացման պատիվը տրվեց 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարյանին և 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Ահարոնյանին:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խորին համոզմամբ՝ ծրագիրը մոտիվացնելու է աշակերտներին:
«Երկարօրյա դպրոց»-ով, իմ կանխատեսմամբ, կրթության բովանդակությունը և որակը փոխվելու է նկատելիորեն, և այդ փոփոխությունը ակնկալում ենք գոնե առաջիկա 2 տարվա ընթացքում: Ամբողջ Արցախը անցնելու է երկարօրյա կրթության ռեժիմին: Սա հանրային մտածողությունը զարգացնելու, կրթության մեջ մասնակցային սկզբունք դնելու ամենահիանալի ծրագիրն է», - նշեց Լ.Ղարախանյանը:
Դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր հարմարությունները ստեղծված են դասապրոցեսը կազմակերպելու համար:
«Մեր դպրոցում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը կազմակերպվել է գերմանացի բարերարներ Գյունթեր Պիլարսկու և Հայկո Հեխթի հովանավորությամբ: Ուսուցմանը ընդգրկված են I-IX դասարանների աշակերտները: Երկարօրյա ուսուցումը աշակերտներին արդյունավետ և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացման գործընթաց է», - ասաց Ա. Բալայանը: