ԱՀ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքը 45 բնակիչ ունի։
Վարնկաթաղը վերաբնակեցման շատ մեծ պոտենցիալ ունի. Համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վարնկաթաղի համայնքապետ Գեղամ Բեդանյանը պատմեց, որ գյուղը հիմնադրվել է 1790-ական թվականներին: Սկզբում կոչվում էր Վարանգաթաղ, հետո՝ Լուլասազ, 1957 թվականից՝ Հակոբ Կամարի: «Պատերազմից հետո գյուղում տեղահանված մեկ ընտանիք է հաստատվել:
Ազատ, բայց վերանորոգման կարիք ունեցող շուրջ 77 տուն ունենք, կարող ենք տրամադրել բնակավայրերը կորցրած մեր հայրենակիցներին։ Ունենք համայնքապետարան, որը գտնվում է անմխիթար վիճակում: Հանդիսությունների սրահը ենթակա է վերանորոգման:
Դպրոցը 5 աշակերտ ունի: Եվ քանի որ շենքային պայմաններն անմխիթար էին, նախկին տնօրենի թոռը՝ Վահրամ Սողոմոնյանը, իր պապական տունը ժամանակավորապես դպրոցին է տրամադրել։ Մանկապարտեզի շենք չունենք. ներկայումս գյուղում մանկապարտեզի ենթակա 10 երեխա կա: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով. գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունը զգացվում է: Պատերազմի ընթացքում ութ տուն է վնասվել, որոնցից չորսում վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Նա ցավով է նշել, որ 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում գյուղը 1 զոհ է ունեցել: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատերազմից հետո 57հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է մնացել թշնամու տիրապետության տակ, 38,4հա էլ գտնվում է ռիսկային գոտում, սակայն գյուղացիները չեն ընկճվում, շարունակում են զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ: