ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը 307 բնակիչ ունի:
Լուսաձորը ջրի լուրջ խնդիր ունի. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուսաձորի համայնքապետ Միքայել Այվազյանը։
«Պատերազմից հետո տեղահանված 32 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 157 հոգով:
Ազատ բնակֆոնդից 5 տուն ունենք, որոնք ևս կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. ունենք բուժկետ, հանդիսությունների սրահ՝ նախատեսված 200 հոգու համար: Դպրոցի շենքը ևս վթարային է, որտեղ հաճախում է 42 աշակերտ: Գյուղամիջյան ճանապարհները վերանորոգման կարիք ունեն:
Պատերազմի ընթացքում 7 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարման խնդիր ունենք: Գյուղից մայրաքաղաք տրանսպորտ չի գործում, սակայն անհրաժեշտությունն այսօր, առավել քան երբևէ, զգացվում է:
Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը 2018 թվականին վերանորոգել են արմատներով լուսաձորցի, լոսանջելեսաբնակ Սարգսյան եղբայրները»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Նա ցավով է նշել, որ Արցախյան 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում գյուղը 3 զոհ է ունեցել: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու հողագործությունը: